Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը պոեմը կարդալուց հետո մի օր դրսում հանդիպում է Շիրազին։
Մոտենում է, ի միջի այլոց հարցնում. «Շիրա՛զ, կըսեն պոեմը դու ես գրե, հա՞»։
Վրդովված Շիրազը պատասխանում է. «Ինչխ թե կըսեն, այ տղա, ես եմ գրե»։
Այսպես մի քանի րոպե Ֆրունզը Շիրազի հոգու հետ է խաղում։
Վերջինս խիստ բարկացած բռնում է դերասանի օձիքից, ուր-որ է պիտի հարվածի, Ֆրունզիկը, թե. «Շիրազ ջան, հլը կեցի։ Դու օր գրած էղնեիր, հմի խելռած կեղնեիր»։
«Հա՛,- շեշտակի պատասխանել է բանաստեղծը։- Խելռե, նոր եմ գրե»»։
*
… Անվրդով մարդիկ, անխռով ազգեր,
Ինչո՞ւ իմ ազգին թողիք անընկեր:
Այս եղեռնապիղծ օրերում գայիք
Գեթ մի մանուկի աչքով մեկ լայիք:
Ով հարավուհիք, ով հյուսիսուհիք,
Գոնե անեծքի շուրթով խոսեիք:
… Ազգեր, թե Հայոց այս Եղեռնը մեծ
Ձեր մեկնումեկին խոշտանգեր հանկարծ,
Իմ սիրտը՝ որպես Հայոց բանաստեղծ
Չէր լռի ձեզ պես:
Պիտի մռնչար այսպես ահագնած,
Մի ազգ խոցվելիս ես կդառնայի
Մի նոր զանգահար:
Ես կզանգեի բոլոր բյուր զանգերն
Հայոց վանքերի,
Թե որ տեսնեի բլուրվելն այսպես
Ձեր խեղճ գանգերի:
Թե ձեր մանուկներն իմոնցի նման
Մորթվեին անվերջ,
Ես կթքեի անգամ
Երկնքի բյուր աչքերի մեջ:
Թե ձեր մայրերն իմոնցի նման
Կախաղանվեին,
Կկայծակեի ժանտ ոսոխների
Անմայր աչքերին:
Թե ձեր ծերուկներն իմոնցի նման
Թաղվեին կենդան,
Ես թաղողներին պիտի թաղեի,
Ո՜վ մահազնդան:
Օրրոցքի դեմ ելնող զորքի դեմ
Զորք կհանեի,
Ցեղասպանին ողջ հողագնդից դուրս կվանեի,
Որ ոչ մի ազգի ոչ մի մատն անգամ
Ոչ մի թրով էլ չընկներ Հայոց պես:
Ո՜վ լռած ազգեր, նզովում եմ ձեզ:
Ոչ մի ազգի մահ ես չեմ ուզենա,
Եթե նա Հայոց մահը չուզենա:
Օհ, քրիստոնյա անՀիսուս ազգեր,
Ամոթ ձեզ:
Ամոթ, որ քար լռեցիք
Ու լռում եք դեռ՝ իբրև անծանոթ:
Դուք սուտ քուն տված աղվեսի հոտի նման էիք լուռ,
Երբ թրատվում էր իմ ժողովուրդը:
Էլ ո՞ւր է մարդը՝ այն էլ ստեղծված
Աստծո պատկերով:
Ով լիրբ լռություն, որ լռում ես դեռ,
Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
Արևելքն՝ ինչպես իր ծուխը ղեյլանի,
Արևմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման:
Այնինչ, ով աշխարհ, թե քո լրբենի այս չորս բերանով
Գոռայիր մի հեղ,
Պատյան կփախչեր սուրը սուլթանի,
Չէր հորդա այսքան արյուն խելահեղ:
Ով ժանտ մարդկություն, վիշապ օձաքիստ,
Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր:
Վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում,
Վշտով եմ ասում:
Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի,
Վաղը, իմացե՛ք, ձեզ պիտի հասնի,
Վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի:
Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» պոեմը (կրճատումներով)
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից